ԵՍ ՊԻՏԻ ԹՈՒՅԼ ՏԱՄ, ՆՈՐ ԽՈՍԵՔ․ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՔՊ-ԱԿԱՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
- Lida Nalbandyan
- Feb 14, 2024
- 2 min read

«Բալասանյան դաշինքի» եւ «Քաղաքացիական կուսակցության» հուշագրի խզումից հետո Գյումրու ավագանու նիստերը չափազանց լարված են անցնում։ Երեկ ավագանու նիստին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի եւ ՔՊ-ական ավագանու անդամների միջև իսկական «փոխհրաձգություն» էր։ Հատկապես նիստը լարված ընթացավ, երբ զեկույց ներկայացվեց ՝ 453 միլիոն դրամի չափով 2023 թվականին չֆինանսավորված ֆոնդային պարտքերի մասին։
ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանն ակնհայտորեն լարվեց եւ հարց բարձրացրեց, թե հիմա նորից ինչու են բերել հարցը քվեարկության, մի՞թե տարեսկզբին ծախսերը և ազատ միջոցները չէի՞ն երևում։ Արթուր Պապիկյանը պնդեց, որ զեկուցողը ներկայացնի թե՛ եկամուտների և թե՛ ծախսերի հիմքերը։ Զեկուցողն էլ խոստացավ այն ներկայացնել ավագանու նիստից հետո միայն։ Մինչդեռ ՔՊ-ականները համառեցին, եթե ավագանու նիստից հետո է ներկայացվելու, ինչպես կարող են քվեարկել մի նախագծի օգտին, որը ճշտությունների կարիք ունի։
«Եթե ձեր բաժինը կամ համապատասխան մասնագետները դա չեն տեսել, հետո են հայտնաբերել, ուրեմն, կարծում եմ՝ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե միտումնավոր եք արել, էլի պետք է բացատրություն տաք ։ Առաջարկում եմ՝ նախագիծը հանել օրակարգից, կքննարկենք մանրամասն, կհասկանանք, նոր կբերենք ավագանու նիստի օրակարգ», -ասաց ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
Իսկ ահա նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանին դեռևս հարցեր էին հետաքրքրում, որոնք անմիջապես քաղաքապետին էին ուղղվում։ Ուշագրավ է, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այս անգամ փորձեց կտրուկ միջամտել՝ ասելով, որ Պապիկյանը տեղից խոսելու իրավունք չունի։Պապիկյանի եւ Սամսոնյանի միջև լեզվակռիվ ծավալվեց ։
Քաղաքապետի նյարդերը տեղի տվեցին, նետեց․ «Ես պիտի թույլ տամ, նոր խոսեք, կանոնակարգը թույլ է տալիս հարց մեկ անգամ տալ, գրված է՝ ավագանու անդամը յուրաքանչյուր զեկուցողի հարց տալիս է մեկ անգամ։ Խնդրում եմ ծանոթացեք, որ թյուրիմացություն առաջ չգա։ Ես ասում եմ հարցեր, դուք հարցը տալիս եք, ասում եմ ելույթներ, ելույթներով պիտի հանդես գաք, չի կարելի տեղից խոսել, հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք գյումրեցիներին, հարգեք բոլորին»,- ասաց նա։ Իրականում Պապիկյանը ոչ մի կերպ չէր զիջում, եւ լեզվակռիվն այնքան ծավալվեց, որ նախկին փոխքաղաքապետն ու քաղաքապետը միմյանց բացատրում էին, թե որն է կոռեկտության չափը, ինպես չանցնել այն, չմտնել ռեպլիկների դաշտ, բանը չհասցնել կոնֆլիկտի։
Ինչևէ, նշենք, որ նման լարված մթնոլորտում էլ ավագանին քննարկեց ու հաստատեց նիստի օրակարգ ընդգրկված բոլոր 27 նախագծերը:




















