top of page

Այս գործընթացում լիդերության խնդիր չկա. Սուրեն Պետրոսյան

Այստեղ ընդհանրապես չկա լիդերության խնդիր, լիդերության մասին քննարկումներ և հակասություններ չեն եղել, որովհետև բոլորի գերխնդիրը այս գործընթացը հաջողելն է: Գործընթացի միակ հենարանը ժողովուրդն է, այլ ոչ թե ինչ-որ արտաքին կամ ներքին ուժեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ցանկանում ենք սեփական ամբիցիաներով առաջնորդ գտնել կամ ինքնաառաջադրել մեզ, այս պրոցեսի մեջ նման խնդիր չկա, որովհետև խնդիրը ինչ-որ մարդու վարչապետ  դարձնելը չի, բոլորդ էլ գիտեք՝ ինչի մասին է գործընթացը: Մեր մյուս սխալն էլ այն է, որ մենք ուզում ենք հասարակությանը անձանց պարտադրել, այնինչ, հասարակությունը ինքը պիտի ընտրի էդ մարդկանց, իսկ էդ մարդիկ ձևավորվում են գործընթացի մեջ, որտեղ իրենց վարքով ցույց են տալիս իրենց ով լինելը, մոտեցումները: Չի կարելի հասարակությանը պարտադրել պրոցեսներ կամ  մարդկանց»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այսօր նախորդ օրերի համեմատ Կիրանցում ցուցարարների թիվը նվազել է, Սուրեն Պետրոսյանն ասաց, որ առաջին տպավորությունն այնպես է, թե այսօր ավելի հանդարտ է, կամ այդպիսի տպավորություն են ցանկանում ստեղծել, սակայն գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում և տարածվում: Գործընթացն արդեն այն փուլում է, որ Կիրանցում  գտնվող մարդկանց քանակով չի որոշվում ընդհանուր մթնոլորտը, որովհետև հանրապետությունում մթնոլորտը այլ է, սպասելիքներն ու ակնկալիքներն այլ են, մարդկանց՝ գործընթացներին մասնակցելու պատրաստակամությունն այլ է:

Խոսելով կիրանցիների և Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայացող հանդիպման մասին, քաղաքագետն ասաց, որ տեղեկություն չունի, թե ովքեր են հանդիպելու, բայց վստահ է, որ գործընթացի վրա  այդ հանդիպումը որևէ ազդեցություն չի ունենալու:

bottom of page