top of page

Միայն շենքերը, այգիները կամ փողոցները բավարար չեն քաղաք կոչվելու համար. Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 13, 2024
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրաքաղաքի 2806-ամյակի առթիվ, որում ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:

 

Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում:

 

Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները:

 

Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք պետք է մեկնարկի հենց այդտեղից:

 

Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները բավարար չեն քաղաք կոչվելու համար:

 

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը` հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:

 

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի մայրաքաղաք»:

 


1/3119
bottom of page