top of page

Չբուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային հիվանդությունների պատճառ

Դիմածնոտային շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների: «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայության բժիշկ Լեոնիդ Պոդոլսկին ներկայացնում է այն բարդությունները, որոնք կարող են առաջանալ, եթե ժամանակին չբուժվի ատամը՝ նույնիսկ ամենափոքրի խնդրի դեպքում։ 

Առավել հաճախ հանդիպում են օդոնտոգեն հայմորիտները, որոնք առաջանում են հայմորյան խոռոչում՝ ատամնային միկրոֆլորա հայտնվելու պատճառով: Չբուժվելու դեպքում այն կարող է քայքայել ոսկրային հյուսվածքը, բացի այդ, որ հարքթային խոռոչները կապ ունեն ակնագնդի և գլխուղեղի հետ, հետևաբար կարող է առաջանալ նաև ակնանյարդի նևրիտ, մենինգիտ, գլխուղեղի աբսցես և այլն:

Այդ պատճառով էլ դեմքի շրջանում ծանրության զգացում, դեպի աչքեր, քունք, ականջ ճառագայթող ցավ, քթից շճային կամ թարախային բնույթի արտադրություն, մինչև 40 աստիճանի ջերմություն ունենալու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի։ Այս ախտանշանների դեպքում, սովորաբար, դիմում են ԼՕՌ մասնագետի կամ ստոմատոլոգի, որն էլ ուղեգրում է դիմածնոտային վիրաբույժի մոտ: Բայց հիվանդն ինքն էլ կարող է զգալ, որ հայմորիտն ատամնածին է, և առանց ժամանակ կորցնելու դիմել հենց դիմածնոտային վիրաբույժի:«Եթե հիվանդն ունի քայքայված, անառողջ ծամիչ ատամներ, ատամներն իրար հպելիս կամ ծամելիս ցավ է զգում,  միաժամանակ ունի հայմորիտին բնորոշ ցավեր, ապա նա, ամենայն հավանականությամբ, ունի օդոնտոգեն հայմորիտ»,-ասում է բժիշկը:Կարևոր է, որ կատարվի նաև պատճառային ատամի հեռացում, որպեսզի բացառվեն կրկնությունները:

Դիմածնոտային բժիշկը նշում է մեկ այլ բարդության մասին, երբ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան դիմածնոտային շրջանի մեկ այլ լուրջ պաթոլոգիա է: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը: Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի կոտրվածք: Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ, մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ-ին կամ ստոմատոլոգին այլ խնդրով դիմելիս՝ ռենտգենով հետազոտության արդյունքում

Բժիշկ Պոդոլսկին ներկայացնում է կիստայի բուժման առանձնահատկությունները.

«Նախ պետք է որոշենք կիստայի բնույթը, որովհետև լինում են կիստոզ ձև ունեցող չարորակ գոյացություններ: Այդ պատճառով էլ սկզբում կատարվում է ցիտոլոգիական հետազոտություն: Եթե պարզվում է, որ այն բարորակ է, կատարվում է վիրահատություն, կիստան հեռացվում է: Քանի որ կիստան քայքայում է ոսկորն ու խոռոչ առաջացնում, կատարում ենք նաև օստեոպլաստիկ միջամտություն. լրացնում ենք ոսկրանյութով, որպեսզի հետագայում հնարավոր լինի պրոթեզ կամ իմպլանտ տեղադրել և ապահովել ծամիչ ֆունկցիան»: Դիմածնոտային պաթոլոգիաներից խուսափելու համար պետք է ժամանակին բուժել անառողջ ատամները և աշխատել չսխալվել ստոմատոլոգի ընտրության հարցում, որովհետև սխալ բուժած ատամները, ինչպես ժամանակին չբուժած ատամները, կարող են դառնալ բորբոքումների՝  ֆլեգմոնաների և աբսցեսների առաջացման պատճառ:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն


bottom of page