«Փաստ». Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ
«Փաստ» օրաթերթը գրում է. <Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Ավելին, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, ևս 1000 երեխա պետք է գնա։ Նույն Ստեփանյանը հիշեցնում է, որ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
«Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։ Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն»,-գրում է Գեղամ Ստեփանյանը: Տարբեր գործիչներ կոչ են անում դադարեցնել այդ ծրագիրը և թույլ չտալ արցախցի երեխաներին մեկնել Հունգարիա:
Սակայն ուշագրավ է, որ անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ արել «մաքրելու» Հունգարիայի երեսը, հենց նա է այդ երկրի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու նախաձեռնության հեղինակը, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էինք տեղեկացրել, և հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է այս այցի «քավորը»: Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ, այսպես ասած, «կրակի վրա յուղ են լցնում» և մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը>: