«Կատակ են արել»․ տնօրենը՝ դպրոցում դանակահարության մասին
- Lida Nalbandyan
- Feb 19, 2024
- 1 min read

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ փետրվարի 16-ին Մարտունու ԲԿ է դիմել 17-ամյա մի տղա՝ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Թեև նա ներկայացրել է, որ մարզվելիս է ընկել ու ոտքը վնասել, քննությունը պարզել է, որ տղային դանակահարել է ընկերը՝ Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առնչությամբ դպրոցի տնօրեն Ա․ Վարդանյանը ուշագրավ պատասխան տվեց՝ տղաները «կատակ են արել»։
«Իրենց դասն ավարտված է եղել, գնացել են, ինչ են արել, չգիտեմ։ Դանակով չի եղել հարվածը, սուր ծայրով ինչ-որ բանով է խփել։ Ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշեց դպրոցի տնօրենը։
Երբ մենք նրան ներկայացրինք՝ ինչ ախտորոշում է եղել տղայի մոտ, տնօրենն արձագանքեց, որ դպրոցում արյան ոչ մի հետք չկա, հարվածից հետո տղան ոտքը բռնել ու տուն է գնացել, դրանից հետո են նրան տեղափոխել հիվանդանոց։
«Մենք տեղյակ չենք եղել մինչև բաժնից մեզ չեն զանգել։ Բայց ասեմ, որ կատակ են արել իրար հետ»,- նշեց տնօրենը։
Հարցին, թե արդյո՞ք հաճախ են դպրոցում նման «կատակներ» լինում, Վարդանյանը պատասխանեց՝ ոչ, սա առաջին դեպքն էր։
Մեկ այլ հարցի, թե քանի՞ հոգի է ներկա եղել դեպքի ժամանակ, դպրոցի տնօրենը հրաժարվեց պատասխանել, ասաց, որ ասելիք չունի, ապա հեռախոսն անջատեց։
Հ․Գ․ Երբ դպրոցի տնօրենը հեռախոսն անջատում է լրագրողի դեմքին, որի խոսքը դեռ կիսատ է, նրանից այլ բան սպասել, քան դանակահարությունը «կատակ» որակելը, չենք էլ կարող։




















