top of page

Հաշվի առնելով ձյան տեղումները՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Jan 27, 2024
1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի բնակիչներին հորդորում է իրենց ավտոմեքենաներով երթևեկել «միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։

«Սիրելի՛ երևանցիներ,

հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում:

Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»:

1/3798
bottom of page