top of page

Թենիսի կորտերի խնդիրը կլուծենք, ակումբն անպայման մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում է գործելու․ Ավինյան

Jan 15, 2024
1 min read

Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որն ունի Փոքր Կետրոնը, և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյան՝ անդրադառնալով ավելի վաղ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու հայտարարությանը և դրա շուրջ իրենց հասցեին հնչող քննադատություններին։

«Ինչքան էլ, որ ես չսիրեմ «Արարատ» ակումբը, և իմ մանկության հուշերը կապված չլինեն այդ ակումբի հետ, գնդակները, որոնք ընկնում էին Գետառը, այնուամենայնիվ Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որ Փոքր Կենտրոնն ունի, և այդ տարածքը պետք է վերականգնվի որպես հանրային այգի։ Բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են մեր հասցեին պետք է ընդունել ի գիտություն և պետք է գալ այն հիմնական նպատակին, որ հանրային տարածքները պետք է վերադարձնել հանրությանը»,- նշեց Ավինյանը և համոզմունք հայտնեց, որ այն լավ ծրագիր է։

Քաղաքապետը վստահեցրեց, որ թենիսի կորտերի խնդիրը կլուծեն՝ հաշվի առնելով այն հետաքրքրությունը, որը Երևանում կա թենիսի նկատմամբ։

Ավինյանը շինբարեկարգման վարչությանը հանձնարարեց, որ պետք է Երևան քաղաքում բազմաթիվ թենիսի կորտեր կառուցել։

«Շատերն անկեղծորեն էին մտահոգված ակումբի ճակատագրով։ Այս ծրագիրը մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Ակումբն անպայման մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում է գործելու։ Բոլոր մնացածներին, ովքեր ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ դա չի ստացվելու»,- հայտարարեց Ավինյանը։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

1/3798
bottom of page