Մենք երբեք չպետք է բավարարված զգանք: Պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիև
- Lida Nalbandyan
- Jan 11, 2024
- 1 min read

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Բաքվի բռնապետ Ալիևը երեկ ավելի քան երկու ժամանոց ելույթ է ունեցել, որքան նկատեցի, որոշ դրույթներ լայնորեն տարածվել ու քննարկման առարկա են դարձել հայկական մեդիա տիրույթում, հուսամ՝ սպառնալիքները գնալով ավելի գիտակցված են դառնում։ Ուզում եմ նշել կետեր ելույթից, որոնք կարևոր են, բայց չեն ներկայացվել հանրությանը։ Ալիևը նշում է, որ տասնամյակներ շարունակ տարբեր ՀԿ-ներ փորձել են խաղաղասիրական ծրագրեր իրականացնել և ադրբեջանցի երիտասարդներին պատրաստել խաղաղության, բայց ինքը դա թույլ չի տվել, փոխարենը արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական հանրությունը պատրաստվի վրեժի։ Նա նաև ընդունել է, որ հենց Ադրբեջանն է մերժել խաղաղ կարգավորման առաջարկները տասնամյակներ շարունակ, իմիտացրել է բանակցային գործընթացն ու պատրաստվել պատերազմի․ «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ–որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։




















