Կյանքից հեռացել է Պուտինին մոտ 2 մլրդ դոլար արժողությամբ նկարների հավաքածուն կտակած արվեստաբանը

98 տարեկանում մահացել է գրող, արվեստաբան, պատմաբան Նինա Մոլևան, որը կտավների մեծ հավաքածուն՝ մոտավորապես 2 միլիարդ դոլար արժողությամբ, կտակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, արվեստաբանը հավաքածուն կտակել է Պուտինին՝ որպես Ռուսաստանի Դաշնության օրինական իրավական ներկայացուցիչ։
Նինա Մոլևան ամուսնացած է եղել ավանգարդ նկարիչ Էլի Բելյուտինի հետ։ Նրա մահից հետո կինը ժառանգել է գեղանկարչության հին վարպետների բազմաթիվ գործեր՝ մոտ 200 կտավ։ Հենց դրանք էլ արվեստաբանը կտակել է պետության ղեկավարին։
Հավաքածուում ներառված են Միքելանջելոյի, Ռուբենսի, Լեոնարդո դա Վինչիի, Տիցիանի, Դոնատելլոյի, Էլ Գրեկոյի, Ռեմբրանդտի, Վելասկեսի էսքիզներն ու ավարտուն աշխատանքները։ Ֆրանսիական Hotel Drouot աճուրդի տան փորձագետները հավաքածուի մեկնարկային գինը գնահատել են 400 մլն դոլար։ Սակայն այլ տեղեկատվության համաձայն՝ դրա գինը կարող է հասնել երկու միլիարդ դոլարի։




















