Բոլոր աուտոիմունային հիվանդությունները չէ, որ հանգեցնում են բարդությունների հղիության ժամանակ

Աուտոիմունային հիվանդության առկայությունը միշտ չէ, որ բարձրացնում է բարդությունների առաջացման վտանգը հղիության ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ համակարգային կենսաբանության համալսարանի մամուլի ծառայությունը։
Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել ավելի քան 365 հազար ամերիկացի կանանց հղիությանը հետեւելու ընթացքում, որոնք ունեցել են մեկ կամ մի քանի երեխաներ վերջին 10 տարիներին։ Նրանց թիվը մտել է այն 5,7 հազար պացիենտների մեջ, որոնք եղել են մեկ կամ մի քանի աուտոիմունային հիվանդությունների կրողներ, այդ թվում փսորիազի, աղիների բորբոքային հիվանդությունների, ռեւմատոիդ արթրիտի, ցրված սկլերոզի եւ իմունիտետի աշխատանքի այլ խանգարումների։
Գիտնականների կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աուտոիմունային շատ հիվանդություններ, այդ թվում գայլախտը եւ հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշը, իսկապես բարձրացրել են վաղաժամ ծննդաբերությունների եւ հղիության այլ բարդությունների վտանգը։ Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ առնվազն երկու նման հիվանդություն՝ ռեւմատոիդ արթրիտը եւ աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների տարատեսակները, իրականում չեն բարձրացրել նման խնդիրների առաջացման վտանգը հղի կանանց մոտ։
Հետազոտողների խոսքով՝ աուտոիմունային հիվանդությունների՝ պտղի վրա ազդեցության բնույթի այս տարբերությունների հայտնագործումը կասկածի տակ է դնում պատկերացումներն այն մասին, որ իմունիտետի աշխատանքի այդ խափանումների ցանկացած ձեւ վտանգ է պարունակում պտղի եւ հղի կնոջ առողջության համար։ Սա պետք է հաշվի առնեն ինչպես ընտանեկան զույգերը, որոնք ծրագրում են երեխա ունենալ, այնպես էլ նրանց խորհրդատու բժիշկները, նշել են գիտնականները։




















