Աժ-ում լրագրողներին հատկացված աթոռները Ալեն Սիմոնյանի հրահանգով հավաքել են․ խոսնակը մանրամասնում է

Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով Ազգային ժողովի միջանցքում լրագրողների համար հատկացված աթոռները աշխատակազմի աշխատակիցները հավաքել են և հիմա լրագրողները ստիպված են ոտքի վրա կանգնած աշխատել։
MediaHub.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով միջադեպին, նշեց․
«Օպերատորները ոչ քաղաքավարի և ոչ աշխատանքային ձևով նստած են եղել իրենց հատկացված աթոռներին, ինչը նկատել են պատգամավորները և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Որպես պատասխան քայլ՝ հրահանգվել է աթոռները հավաքել։ Դրանից հետո օպերատորները կապ են հաստատել ինձ հետ՝ խնդրելով հանդիպում Սիմոնյանի հետ, ով չի մերժել խնդրանքը։ Նրանք եկել են, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, թե ինչի հետևանքով են աթոռները հավաքվել, ու այն օպերատորները, ովքեր էդպես էին նստել, ներողություն են խնդրել իրենց նստելու ձևի համար»։
Հարցին՝ աթոռները վերադարձվելո՞ւ են իրենց տեղը՝ Խաչատրյանը պատասխանեց․
«Քանի որ հիմա նիստ է ընթանում, աթոռների հետագա վերադարձի վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող այս պահին, ընթացքում արդեն պարզ կլինի»։




















