top of page

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային եւ նավթային օբյեկտներին. WSJ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 2, 2024
  • 2 min read
ree

Իրանի միջուկային եւ նավթային օբեկտները կարող են դառնալ Իսրայելի պատասխան հարվածների թիրախ, The Wall Street Journal-ին պատմել են մի քանի իրազեկ աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Իրանը տեղեկացրել է արաբական եկրների պաշոնյաներին, որ նախատեսում է մասշտաբային գրոհ Իսրայելի դեմ, որը համադրելի կլինի ապրիլի գնդակոծությանը, որի ժամանակ գործադրվել էին 36 թեւավոր հրթիռներ, 110 «երկիր-երկիր» դասի հրթիռներ եւ 185 անօդաչուներ։ Դրանից անմիջապես հետո Իսրայելը Թեհրանին նախազգուշացրել է, որ պատասխանը տրվելու է՝ անկախ իրանական գրոհի հզորությունից եւ զոհերի առկայությունից։

Ապրիլին Թեհրանին հաջողվել էր խուսափել Թել Ավիվի մասշտաբային պատասխան արձագանքից, այդ թվում գրոհներից միջուկային օբյեկտների դեմ։ Այդ ժամանակ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սահմանափակվել էր ավիաբազային հասցված հարվածով, հիշեցրել է The New York Times-ը։ Իսկ հիմա, պարբերականի ամերիկյան աղբյուրների տվյալներով,  դիտարկվում են ավելի ծայրահեղ սցենարներ, այդ թվում հարված իրանական միջուկային ծրագրի սրտին՝ Նեթենզի ուրանի հարստացման օբյեկտներին։

Իրանն իր հերթին ավելի վաղ նախազգուշացրել էր. եթե Իսրայելը հարվածի իր միջուկային օբյեկտներին, Թեհրանը ստիպված կլինի ստեղծել միջուկային զենք։ «Սիոնիստական վարչակագի հարձակման դեպքում մեր միջուկային օբյեկտների վրա զսպման քաղաքականությունը կփոխվի»,- ասել է գերագույն առաջնորդի (այաթոլայի) խորհրդական Քամալ Խարազին։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելին հարվածել է հրթիռներով։ ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ երկրի դեմ արձակվել է 180 հրթիռ, որոնց մեծ մասը խփվել է իսրայելական եւ ամերիկյան ՀՕՊ միջոցներով։ Հրթիռային հարվածի հետեւանքով Հորդանան գետի արեւմտյան ափին բեկորից մահացել է մեկ մարդ, տեղեկացրել են պաղեստինյան ԶԼՄ-ները։ Եվս երկու հոգի թեթեւ վիրավորվել է Թել Ավիվում, The Times of Israel-ին պատմել են Մագեն Դեւիդ Ադոմ բուժօգնության ծառայությունում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է, որ հարվածել է Իսրայելին, որը պատասխանն է «Հեզբոլլահի» եւ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ Հասան Նասրալայի եւ Իսմայիլ Հանիեի «նահատակության»։ ԻՀՊԿ-ում Իսրայելին զգուշացրել են պատասխան գրոհի մասին եւ նշել, որ «Իրանը լիովին պատրաստ է ցանկացած պատասխան գործողության»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի գործողություններն անվանել է մեծ սխալ եւ խոստացել պատասխանատվության կանչել նրան։ Նա հայտնել է, որ «Հեզբոլլահի» եւ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդները չեն գիտակցել, թե որքանով է Իսրայելը պատրաստ պաշտպանվել եւ վրեժ լուծել, ինչպես նաեւ ենթադրել է, որ Թեհրանում էլ կան այնպիսիները, որոնք դա չեն հասկանում։ «Նրանք կհասկանան»,- խոստացել է Նեթանյահուն։

1/3214
bottom of page