«Փաստ». Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը

Մենք դեռևս հուլիսի 31-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Հայաստանի կոմպոզիտորների միությանը՝ խնդրելով պարզաբանել այս և մի քանի այլ հարցեր, սակայն այդպես էլ պատասխան չէինք ստացել: Մենք դիմեցինք միության նախագահ Արամ Սաթյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հարցումը ստացել են, սակայն չեն պատասխանելու, քանի որ պատասխանելու բան չկա: Նա միայն նշեց, որ այն, ինչի մասին հարցրել ենք, ինչ-որ սենսացիոն գաղտնիք չէ, հարցը քննարկվել է միության վարչությունում, պարզապես հարցին պատասխանելու բան չկա, որովհետև թեպետ կա գաղափար, նաև որոշակի գործընթաց, սակայն այս պահին որևէ առարկայական, շոշափելի արդյունք չկա, իսկ եթե լինի, պատշաճ կարգով կտեղեկացնեն: Միևնույն ժամանակ պարոն Սաթյանը հավելեց, որ ինչ ընթացք էլ լինի, ցանկացած պարագայում միության անդամները չեն կորցնելու իրենց ունեցած արտոնությունները: Այլ հարցերի պարոն Սաթյանը չպատասխանեց՝ կրկնելով, որ անիմաստ է խոսել մի բանի մասին, ինչը դեռևս գոյություն չունի:




















