Հունաստանի թագավորական ընտանիքի անդամները դիմել են երկրի քաղաքացիություն ստանալու համար

Հունաստանի նախկին թագավորական ընտանիքի անդամները դիմել են Հունաստանի քաղաքացիություն ստանալու համար և պաշտոնապես ճանաչել երկրի կառավարման հանրապետական համակարգը, ինչը նշանակալից քայլ է միապետության վերացումից 50 տարի անց, գրում է The Guardian-ը։
Հանգուցյալ թագավոր Կոնստանտին II-ին և նրա ընտանիքի անդամներին զրկել են հունական քաղաքացիությունից 1994 թվականին՝ նախկին թագավորական ունեցվածքի շուրջ կառավարության հետ վեճի և այն մեղադրանքների պատճառով, որ նա հրաժարվել է հունական գահի իրավունքից իր ժառանգների համար:
Ներքին գործերի նախարարության խոսնակ Աթանասիոս Բալերպասը հայտնել է, որ հանգուցյալ թագավորի հարազատները, ով մահացել է անցյալ տարի 82 տարեկան հասակում, հինգշաբթի օրը հռչակագիր են ստորագրել՝ ճանաչելով հանրապետական կառավարությունը և ընդունել նոր ազգանուն՝ «De Grece», որը ֆրանսերեն նշանակում է «Հունաստանից»։
Դիմորդների անունները պաշտոնապես չեն նշվում։ Սակայն հունական լրատվամիջոցները գրում են, որ քաղաքացիության համար դիմել են ընտանիքի 10 անդամներ, այդ թվում՝ Կոնստանտին II-ի և նախկին թագուհի Աննա-Մարիի բոլոր հինգ երեխաները՝ Ալեքսիան, Պավլոսը, Նիկոլաոսը, Թեոդորան և Փիլիպոսը, ինչպես նաև հանգուցյալ թագավորի հինգ թոռները:
«Պատմական հարցը լուծվում է», - պետական ռադիոյին ասել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Բալերպասը: - Եկեք նայենք ապագային: Կարծում եմ, որ սա լավ պահ է, քանի որ այն փակում է անցյալը, և մենք այժմ կարող ենք առաջ նայել որպես ժողովուրդ»:
Հունաստանի միապետությունը վերացվել է 1974 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում, երբ ընտրողները ճնշող մեծամասնությամբ պաշտպանեցին հանրապետական սահմանադրությունը՝ յոթ տարվա ռազմական բռնապետության անկումից ամիսներ անց:
Արքայական ընտանիքը տասնամյակներ շարունակ ապրել է աքսորում, մինչև Կոնստանտինը վերադարձավ որպես մասնավոր քաղաքացի՝ յոթանասուն տարեկանում: Նրանք հունական քաղաքացիությունից զրկվել են 1994 թվականին՝ նախկին թագավորական կալվածքի շուրջ դատական պայքարի ժամանակ, որն այժմ պատկանում է պետությանը:




















