Այլ կերպ չէր կարող լինել. Ստյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց Իգոր Խաչատուրովին
- Lida Nalbandyan
- Feb 10
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր քարոզիչներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը, պարտվել է դատարանում. Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի հայցը մերժվել է ամբողջությամբ:
MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, 2021թ-ի ապրիլի 4-ին Ստյոպա Սաֆարյանը դիմել էր դատարան` պահանջելով Խաչատուրովին ներողություն խնդրել «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու: Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերդ ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս» արտահայտությունների համար: Սաֆարյանը նաև 2.5 մլն դրամի չափով փոխհատուցում էր պահանջել, սակայն դատարանն ամբողջությամբ մերժել է հայցապահանջը:
«Դատարանն իրականացրեց արդարադատություն և առաջնորդվեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Այլ կերպ այս գործով չէր կարող լինել»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ վճիռը հրապարակվել է փետրվարի 3-ին և Ստյոպա Սաֆարյանը մեկ ամսվա ընթացքում կարող է այն բողոքարկել: