ՀՀ կառույցներն անգամ անձնագիրը փոխած արցախցիներին աշխատանքի չեն ընդունում

Օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների բեռը ստիպում է հարյուրավոր տեղահանված ընտանիքների՝ արտագաղթել Հայաստանից։
Պատճառները տարբեր են ու արդարացի։ Չկա նորմալ վարձատրությամբ աշխատանք, բնակապահովման ծրագիրը ձախողված է, չկա նույնիսկ տարրական հարգանք ու վերաբերմունք՝ հայրենակցի հանդեպ։ MediaHub-ի զրուցակիցը Մարտակերտ քաղաքի բնակիչ Նաիրա Զաքարյանն է։
Որդիներն անցել են պատերազմներով, փոքրը՝ վիրավորվել է Չարեքտարի դիրքերում։ Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 3 ամիս հանգիստ չեն ունեցել, հիվանդանոցներում ապաքինվում էր որդին։
«Համարյա մեկ ու կես տարի է անցել մեր տեղահանությունից։ Երբ հիշում եմ էս ժամանակահատվածը ու մեր քաշած տանջալից օրերը, մտածում եմ` էնքան ուժեղ ենք գտնվել, որ դեռ ապրում ենք։ Փառք Աստծո տղաներս ողջ են, հիմա առողջ են։ Երբ որոշեցին շարունակել իրենց ծառայությունը, ասացին` պարտադիր պայման է ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Մենք ՀՀ քաղաքացիությունից նորից դարձանք ՀՀ քաղաքացի, փոխվեց միայն անձնագրի կոդը, բայց ծառայություն մտնել չհաջողվեց, որովհետև չցանկացան ընդունել»,- պատմում է Նաիրան։
Սա միակ դեպքը չէ, երբ Արցախի ուժայիններում ծառայած անձինք ՀՀ-ում համապատասխան աշխատանք չեն գտնում։ Նրանցից շատերը նախընտրեցին վարել տաքսի, մի մասը զբաղվել շինարարությամբ, այգեգործությամբ, ցավոք, շատերը բռնեցին օտար երկրների ճանապարհները։
«Հետո ազատ ամբիոն չեն թողնում, հայտարարում են, թե՝ արցախցիները չեն կռվել, փախչել են, հիմա չեն ուզում ստանան քաղաքացիություն, չեն ուզում ծառայել ՀՀ զինված ուժերում, չեն ուզում բանակ ճանապարհել իրենց որդիներին, որ չծառայեն Հայաստանի համար ու այսպիսի աբսուրդ բաներ, որը ժողովրդի բերանում «ծամոն» է դառնում ու ամեն օր լսում ենք այդ արտահայտությունները։ Ո՞նց բացատրեմ մարդկանց, որ ՀՀ քաղաքացի 2 որդիներիս ծառայության չեն ընդունել առանց պատճառաբանության, հիմա նրանք էլ ուզում են արտագաղթեն»,- վրդովվում է մայրը, անիծում բոլոր այն չարախոսներին, որ մեղադրում են արցախցիներին՝ չկռվելու, իրենց հողը չպահելու համար։
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները MediaHub-ին ասում են, որ պետական գերատեսչություններում աշխատանքի կամ ծառայության ընդունվելու համար իրենք զրկվել են Արցախի քաղաքացիությունից, ապա նորից վերականգնել անձնագիրը այլ ծածկագրով, որ հետագայում բնակարան ձեռք բերելու համար գործընթացը դյուրին լինի։ Բայց պետությունն այնպիսի պայմաններ է առաջարկել, որն անհնար է թե՛ քաղաքաբնակների և թե՛ գյուղաբնակների համար։
«Համատարած այս անտարբերությունից հիասթափված որոշել ենք մեր բախտը որոնել Ռուսաստանում։ Եթե Արցախ վերադառնալ չենք կարող, Հայաստանում մեզ համար գոնե նվազագույն պայմաններ չեն ստեղծում, ապա պետք է ինքներս մեր գլխի ճարը տեսնենք օտար ափերում»,- հավելեց մեր զրուցակիցը։
ՀՀ-ից արցախցիների արտագաղթի պատճառը հիմնականում բնակարանային ծրագրի ձախողումն է, որը, չնայած բազմաթիվ ՀԿ-ների, ԶԼՄ-ների ու անհատների հորդորներին, այդպես էլ չի վերանայվել կառավարության կողմից։