top of page

Մեր հայրենիքի բարեկեցությունը հնարավոր է միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ. ԱԱՏՄ ղեկավար

May 1, 2025
1 min read

ԱԱՏՄ նորանշանակ ղեկավար Սլավիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը ոչ միայն աշխատանքային իրավունքների պաշտպանության, արդար ու արժանապատիվ աշխատանքի խորհրդանիշն է, այլև երախտիք յուրաքանչյուր մարդու անմնացորդ նվիրումի, պատասխանատվության և ստեղծարարության համար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, իր շնորհավորանքներն է հղում երկրի աշխատավոր բոլոր քաղաքացիներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղվածության ոլորտից և գործունեության ծավալից։

Տեսչական մարմնի առաքելությունն է հետևողականորեն վերահսկել օրենքի պահանջների իրականացումը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքային մշակույթի բարելավմանը։

Մաղթում ենք ձեզ արժանապատիվ և անվտանգ աշխատանք, բարեկեցիկ ու կայուն պայմաններ, անձնական և մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Թող ձեր կատարած աշխատանքը գնահատվի արդարացիորեն, իսկ աշխատանքային իրավունքները՝ պաշտպանվեն անվերապահորեն։

Մեր հայրենիքի կառուցումն ու բարեկեցությունը հնարավոր են միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ։

Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, ներդրման ու վստահության համար։

Եղեք գնահատված, պաշտպանված, առողջ և անվտանգ։

Եվս մեկ անգամ՝ շնորհավոր տոնդ, հայ աշխատավոր»:

 
 
1/3798
bottom of page