Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հ․Մ․Ը․Մ․ համահայկական 12-րդ մարզախաղերի մասնակիցներին
Jul 29, 2025
1 min read

Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ․Մ․Ը․Մ․) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։
Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքները բերեց հայորդիներին՝ գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։




















