Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակված հայորդիների սրբադասումը խոսուն վկայությունն է՝ Եկեղեցու դիրքորոշման․ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այդ մասին MediaHub-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Հայ Առաքելական եկեղեցին, ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։ Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։ Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է Հայոց Եկեղեցու դիրքորոշման։
Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ»,֊ ասել է նա։
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է նաև՝ Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը հրամայական է՝ կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները։




















