«Ռոսատոմը» պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծմանը
- Jun 6, 2025
- 1 min read

«Ռոսատոմը» պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած հարցի լուծման գործում, հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նշենք, որ այսօր Կալինինգրադում ռուսական կողմի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլն է տեղի ունեցել։ Հանդիպմանը ներկա է եղել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լուծելու ցանկացած տեխնիկական հարց՝ այսպես կոչված իրանական խնդրի շուրջ քաղաքական որոշումների և բազմակողմ ձևաչափով համաձայնությունների հասնելու դեպքում»,- ասել է Լիխաչովը՝ ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները։
«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև միջուկային ոլորտում համագործակցությունը զարգանում է ատոմային էներգաբլոկների կառուցման, վառելիքի մատակարարման և խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում գիտական հետազոտությունների ուղղություններով։




















