top of page

Վարդան Ղուկասյանի և մյուս ընդդիմադիրների հանցանքները ոչինչ են իր հանցանքների համեմատ. Անահիտ Քոչարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 10 hours ago
  • 2 min read
ree

«Հրապարակը» զրուցել է Գյումրու դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Քոչարյանի հետ:

- Տիկին Անահիտ, Գյումրիում ռեպրեսիվ պրոցեսներ են ընթանում: ԱԱԾ աշխատակիցները, հարյուրավոր ուժայիններ գրոհել էին Գյումրու համայնքապետարանի շենքը: Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ: Ղուկասյանին եւ ութ աշխատակցի ձերբակալեցին: Ի՞նչ գնահատական կտաք այս գործողություններին: Հավատո՞ւմ եք մեղադրանքին:

- Էնքան բան ունեմ ասելու, էն, որ արդեն մարդու սիրտ է ճաքում, չգիտեմ որտեղից սկսեմ: Այնքան է ամեն ինչ պղտորվել, փչացել, մարդ նողկում է ուղղակի: Լավ, կարելի՞ է այդ աստիճան ցուցադրական մարդուն տանել բանտարկության, թեպետ սրանց պարագայում զարմանալի չէ: Եթե այս մարդիկ կարողանում են նման հարձակում գործել անմեղ հոգեւորականների վրա, եթե կարողանում են առանց հիմնավոր պատճառի հոգեւորականին դատապարտել երկու տարվա ազատազրկման, ապա բոլորի հետ էլ կարող են այդպես վարվել: Մեր երկրում ամենաթողություն է, իշխանությունն ինչ ուզում է, անում է, չկա նրան կանգնեցնող ձեռք….

- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ անկախ Հայաստանում հոգեւորականներին իշխանությունից պաշտպանելու անհրաժեշտություն կլինի:

- Ոչ: Անգամ Սովետական Միության ժամանակ, երբ կրոնն արգելված էր, աթեիզմն էր առաջին տեղում, ոչ ոք հոգեւորականներին այսպես հալածանքների չէր ենթարկում: Այն, ինչ անում են Եկեղեցու դեմ, աննախադեպ է:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է թիրախում հայտնվել Եկեղեցին:

- Որովհետեւ այս մարդը դրսից մեսիջ է ստացել, որ պետք է Եկեղեցին եւս, ի թիվս այլ կարեւոր ինստիտուտների, վարկաբեկվի, որից հետո` քանդվի, այնպես, ինչպես, օրինակ, կրթությունն են ոչնչացնում, Հայոց պատմությունն են խմբագրում, Մեսրոպ Մաշտոցին են դասագրքերից հանում: Անգրագետ սերունդ են փորձում մեծացնել, որպեսզի վաղն ավելի հեշտ կարողանան հասարակությանը ղեկավարել: Մշակույթի վրա սրանք՝ բոլորը, թքած ունեն, եւ առանձնապես նրանց համար մշակույթն արժեւորված չէ: Զբաղված են արվեստագետներին արժեզրկելով: Երբ 1988-ի Արցախյան շարժումը սկսվեց, այն ժամանակ կային մարդիկ` Վիկտոր Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան եւ այլ շատերը, որոնց ետեւից գնալը պատիվ էր: Այն ժամանակ մտավորականն արժեւորված էր: Գիտեք, ես չեմ կարծում, թե հիմա չկան արժեքներ ստեղծող մարդիկ, իհարկե՝ կան, սակայն չկան նրանց արժեւորողներ, հակառակը` արժեզրկողներ են միայն: Ժողովուրդն այսօր մի մեծ խնդիր ունի, չգիտի՝ ում հավատա եւ ում հետեւից գնա: Տարիներ շարունակ ինձ խաբում են` խոսքը Փաշինյանի մասին է, երբ առաջին օրվանից այդ մարդը խաբել է ու շարունակում է մինչ օրս խաբել, դրա արդյունքում կորում է հավատը: Ես չեմ ուզում, որ ինձ խաբող մարդը շարունակի ղեկավարել երկիրը, թեպետ խաբելն էլ մի տեղ կարելի էր ներել, հանդուրժել, եթե այսօր մեր պետությունը նման վտանգների առջեւ կանգնած չլիներ: Խոսքը մեր պետականության վտանգի, ինքնության ոչնչացման մասին է: Նա, ով պետք է առաջինը պատասխան տա իր մեծ հանցանքների համար, պատասխանատվության է ենթարկում ուրիշներին: Վարդան Ղուկասյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների գործած հանցանքները ոչինչ են իր կատարած հանցանքների համեմատ:

- Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, գյումրեցիների ընտրությունն է: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են բոլոր ընդդիմադիր համայնքապետերն այս կամ այն կերպ չեզոքացվում, ոմանք՝ նաեւ սպանվում:

- Ակնհայտ է, թե ինչ ձեռագիր է սա, այդպես էլ պետք է լիներ: Իրենք անպատժելի են այսօր: Մեծ հույսեր ունեմ, որ վաղը ինչ-որ բան փոխվելու է, սակայն այսօր սրանք ուրիշ բան չեն էլ կարող անել: Ընդդիմադիրների հետ այսպես վարվելով՝ իրենց վերարտադրությունն են փորձում ապահովել:

 
 
1/3069
bottom of page