Սերը կատակ բան չէ. բրիտանացին պատմել է իր ողբերգական պամությունը. նախկին սիրեցյալը ծեծել է նրան եւ արգելել օգտվել զուգարանից
- Arevik Charchyan

- Oct 15, 2024
- 2 min read

Բրիտանացին պատմել է իր սիրո ողբերգական պատմությունը, որն ավարտվել է նրանով, որ նրա՝ արդեն նախկին ընկերուհին հայտնվել է բանտում։ Տղամարդու սիրեցյալը տարօրինակ ձեւով է դրսեւորել իր կապվածությունը՝ վերահսկելով տղամարդու կերակրացանկը եւ արգելելով օգտվել զուգարանից։ Կնոջը դատապարտել են 20 ամսվա բանտարկության։
2021 թ-ի հուլիսին Գարեթ Ջոնսը եւ Սառա Ռիգբին ծանոթացել են ինտերնետում, նրանց միջեւ հարաբերությունների սկսվելուց հետո «ամեն բան լավ էր»։
«Կարծում եմ՝ դա անվանում են ռմբակոծություն սիրով»,-խոսելով հարաբերությունների վաղ շրջանի մասին՝ BBC-ին ասել է Ջոնսը։
Բայց արտաքին քողը շուտով փլուզվում է։ Մի քանի ամիս անց Ռիգբիի վերահսկող կերպարը ակնհայտ է դառնում, երբ նա ստիպում է Ջոնսին տեղափոխվել իր տուն Ուինսֆորդում, որտեղ նա տղամարդուց պահանջում է վարձ վճարել՝ չնայած անշարժ գույքը պատկանում էր կնոջ հորը, տեղեկացրել է ոստիկանությունը։
Շուտով կինը լիովին իր վերահսկողության տակ է վերցնում տղամարդու ֆինանսները, կտրում է նրան մերձավորներից եւ խիստ կանոններ է հաստատում։ Չնայած տղամարդը տնից էր աշխատում, նրան թույլ չէր տրվում տանը մենակ մնալ, եւ նրան երբեք տան բանալիները չեն տվել։
Ռիգբին Ջոնսին նաեւ թույլ չի տվել օգտվել զուգարանից, որպեսզի կարիքները հոգա եւ լվացվի, եւ նա խուզարկում էր տղամարդուն, երբ նա մտնում կամ դուրս էր գալիս տնից, որպեսզի համոզվի, որ նա «որեւէ բան չի ընդունում, ինչը նրա հավանությանը չէր արժանանա»։
Ջոնսի կերակրացանկը նույնպես ենթարկվում էր Ռիգբիի «խիստ» վերահսկողությանը, եւ եթե նա չէր կատարում կնոջ հրամանները, նրա հանդեպ բռնության տարբեր ձեւեր էին կիրառվում՝ ուտելու հնարավորության զրկումից մինչեւ ֆիզիկական հարձակումներ, ներառյալ կծելը, աքացիները եւ ճանկռտելը, տեղեկացնում է BBC-ն։
«Նա ստիպում էր ինձ քնել գետնին, առանց ծածկոցի՝ որպես պատիժ, եթե գործերն այնպես չէին ընթանում, ինչպես նա կցանկանար»,-պատմել է Ջոնսը պարբերականին։ «Ինձ թույլ չէր տրվում լոգանք ընդունել, սափրվել կամ օգտվել զուգարանից։ Ես ստիպված էի զսպել ինձ եւ փորձել հասնել տեղի սուպերմարկետ, փաբ կամ ռեստորան»։
Ջոնսը BBC-ին պատմել է, որ Լոնդոն կատարած ուղեւորության ժամանակ զույգը այցելել է շքեղ հանրախանութ՝ Harrods, եւ Ռիգբին ասել է. «Մենք չենք հեռանա, մինչեւ որ դու ինձ համար մի ինչ-որ թանկ բան չգնես»։ «Նա ճանկռտեց ինձ սվիտերիս վրայից, ձեռքիցս իսկապես արյուն էր գալիս, մինչեւ որ նա ստիպեց ինձ մի ինչ-որ թանկ բան գնել»։
Ռիգբին բանավոր եւ հոգեբանական վիրավորանքներ է հասցրել Ջոնսին՝ նրան անվանելով «գեր, անճոռնի եւ զզվելի»,- հայտնել է ոստիկանությունը։ Ռիգբին նաեւ քանիցս Ջոնսին ասել է, որ եթե նա որեւէ մեկին պատմի իր բռնության մասին, նա կտեղեկացնի ոստիկանությանը, որ Ջոնսը հարձակվել է իր վրա։
2022 թ-ի մարտին Ջոնսը որոշել է դիմել ManKind Initiative-ի օգնությանը՝ բրիտանական բարեգործական ընկերություն, որն աջակցություն է ցուցաբերում ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց, եւ այդ փորձը ոգեշնչել է Ջոնսին դիմել ոստիկանություն։
Նա թերապիա է անցել եւ սկսել է վերականգնել ֆինանսներն ու հարաբերությունները զրոյից։ «Դա երկար ժամանակով սասանել է վստահությունն իմ հանդեպ»,-ասել է նա BBC-ին։ «Մշտական բռնության պատճառով ինքնագնահատականս շատ ցածր էր»։
Ավելի քան երկու տարի անց՝ 2024 թ-ի մայիսին, Ռիգբին դատապարտվել է 20 ամսվա բանտարկության (պայմանական երկու տարի) իրեն իր վերահսկող վարքի մեջ մեղավոր ճանաչելուց հետո։




















