top of page

Անդրանիկ Իոսիֆյան․ անուն, որ շաղկապում է Արցախը, Հայաստանը և տիեզերքը

  • Jul 21, 2025
  • 2 min read

Մեծանուն գիտնականը, կոնստրուկտորը, քաղաքացին. Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանի  ծննդյան 120 ամյակի առթիվ

Ա. Ղ. Իոսիֆյանը ծնվել է 1905 թվականին Արցախի (ԼՂՀ) Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։ Պապը հոգևորական էր, հայրը՝ նույնպես։ Դպրոցում դասավանդում էր կրոնի պատմություն և հայոց լեզու։ Անդրանիկը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մախաչկալայից ոչ հեռու Բույնաքս քաղաքը, ուր հայրը քահանա էր նշանակվել հայկական եկեղեցում։

1918 թ․ խառնակ շրջանում, երբ սկսվեցին հայերի ջարդերը, Ա. Իոսիֆյանի ընտանիքը տեղափոխվեց Թուրքմենստան, իսկ հետո կրկին վերադարձան Ծմակահող։ Այդ ժամանակ, որպես ակտիվիստ և ռուսերենին լավ տիրապետող 15-ամյա Անդրանիկին ընդունեցին կոմերիտմիության շարքերը և նրան վստահեցին ստեղծված ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարությունը, այսինքն՝ հայրենի գյուղը հրոսակներից պաշտպանելու գործը։

1925-ին Անդրանիկ Իոսիֆյանը ընդունվել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը և այն ավարտել 1930-ին։Ավարտելուց հետո դասավանդել է նույն ինստիտուտում, որտեղից էլ սկսել է իր գիտական բեղմնավոր գործունեությունը։ 1928-1930 թթ․ խմբագրել է ինստիտուտի բազմատպաքանակ թերթը։ Գիտական կարևոր հայտնագործությունները գործնականում ամրապնդելու համար Իոսիֆյանին ուղարկում են Մոսկվա՝ Լենինի անվան համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ, որտեղ աշխատում է մինչև 1941-ը։ 1935-ին նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1940-ին՝ դոկտորի։

1941-1943-ին եղել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն, 1945-ին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1959-ին՝ իսկական անդամ։ 1943-ին նրա ջանքերով կազմակերպվել է էլեկտրամեխանիկական համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև 1973-ը։

1950-1953-ին Ա. Իոսիֆյանը եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։Նրա հեղինակությամբ հրատարակվել են ավելի քան 100 գիտական աշխատություններ՝ նվիրված էլեկտրամեխանիկայի տեսական և կիրառական հարցերին։ Ա. Իոսիֆյանը 34 գյուտի հեղինակ էր։

Ակադեմիկոս Իոսիֆյանն անկոնտակտ սելիսինի գյուտարարն է։ 1936-ին առաջինը ԽՍՀՄ-ում առաջարկել է տրիատորների օգտագործումը հետևող համակարգերում՝ հաստատուն հոսանքի էլեկտրամեքենաները կառավարելու համար։ 1940-1945-ին հրատարակել է էլեկտրամեքենայական ուժեղացուցիչի (ամպիլիդինի) և ուժային սինքրոնի հետևող համակարգերի ընդհանուր տեսության վերաբերյալ աշխատանքների կարևոր շարք։

Նրա նախաձեռնությամբ էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ-ի բաժանմունքներ են ստեղծվել Լենինգրադում, Տոմսկում, Երևանում և այլ քաղաքներում։Անցած դարի 30-ական թվականներից սկսած՝ ԽՍՀՄ կառավարությունը Ա. Իոսիֆյանի գիտական գործունեությունը գաղտնի էր պահում։ Հայրենական պատերազմի տարիներին նրա ղեկավարությամբ հայտնի գործարանում զենք ու զինամթերք էր ստեղծվում։ Նա ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն էր։ Առաջին խորհրդային տիեզերանավերի էլեկտրասարքավորումների պատասխանատուն Ա. Իոսիֆյանն էր։ Նրա անունը իրավամբ դասվում էր Կուրչատովի, Կորոլյովի, Կելդիշի անունների կողքին։

Անցած դարի 50-ական թվականներին նա իր շուրջ հավաքեց մի խումբ երիտասարդ գիտնականների, որոնք սկսեցին աշխատել թվային հաշվողական մեքենաներ ստեղծելու վրա։ Շուտով պատրաստվեց խորհրդային առաջին փոքրածավալ մեքենան՝ Մ3-ը, որը հիմք հանդիսացավ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ստեղծման համար։ 1956 թվականին գիտատեխնոլոգիական հեռանկարային այդ ուղղությունը Ա. Իոսիֆյանի և Ս. Մերգելյանի ջանքերով մուտք գործեց Հայաստան։

Ակադեմիկոս Իոսիֆյանը պարգևատրվել է Լենինի երեք, Աշխատանքային Կարմիր Դրոշի երկու շքանշաններով և մի շարք մեդալներով։1958-ին նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, 1949-ին արժանացել է պետական մրցանակի։ Ա. Իոսիֆյանին Ծմակահողի բնակիչները շնորհել են պատվավոր գյուղացու կոչում՝ գյուղին ցույց տված ծառայությունների համար։

2005 թվականին լայնորեն նշվեց մեծ գիտնականի ծննդյան 100-ամյակը, իսկ Ծմակահողում՝ իր անունը կրող դպրոցի բակում, տեղադրվեց գիտնականի կիսանդրին։

Ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը այն հայրենասեր գիտնականն ու մտավորականն էր, ով կարողացավ իր գիտական, կոնստրուկտորական վաստակով, հասարակական գործունեությամբ ու հեղինակությամբ Արցախն ու Հայաստանը ավելի ճանաչելի դարձնել ինչպես նախկին ԽՍՀՄ-ում, այնպես էլ աշխարհում։

Մահացել է 1993 թվականին, հուղարկավորվել է Մոսկվայում։

 
 
1/3611
bottom of page