Փաշինյանը հանդիպել է Բելգիայի թագուհի Մաթիլդայի հետ
- Armen Sukiasyan
- 2 hours ago
- 1 min read

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային:
Վարչապետը ողջունել է թագուհու այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան և հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում 2030 Օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։
Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով։ Նորին մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ներառական և որակյալ կրթության դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև հասարակության մեջ կանանց դերի հզորացման խնդրին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ»։