Ստեղծել պետություն՝ հիմնված մարդու ազատության, պատասխանատվության եւ արժանապատվության վրա. հիմնվել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժում
- Aug 19, 2025
- 1 min read

Ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը հայտարարել են «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով կերտել պետություն, որը հիմնված է մարդու ազատության, պատասխանատվության և արժանապատվության վրա։
Շարժման մանիֆեստում նշվում է, որ այն գալիս է ոչ թե բաժանելու, այլ միավորելու, նպատակ ունենալով հաղթահարել վերջին տասնամյակների ընթացքում կուտակված համակարգային խնդիրները, վերականգնել քաղաքացու քաղաքական սուբյեկտությունը և ձևավորել նոր ինստիտուցիոնալ ճարտարապետություն։
Արտաշես Իկոնոմովի խոսքով՝ «ՆԺԱՐ»-ի առաջնահերթությունն է առաջարկել համակարգային լուծումներ, ոչ միայն ախտորոշել խնդիրները.
«Մենք ունենք դե յուրե պետություն, բայց դե ֆակտո կայացած չենք։ Մեր նպատակն է արժանի պետության կերտումը՝ հիմնված հինգ հենասյան վրա՝ արժանապատվություն և ազատություն, կայուն անվտանգություն, օրենքի գերակայություն, արժանապատիվ բարեկեցություն և կարողունակ կառավարում»:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կազմաքանդվել է, իսկ արժեքների կորուստը խորացրել է պետականության ճգնաժամը.
«Ես որոշել եմ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունը և իմ գործընկերների հետ միանալ շարժմանն այն համոզմամբ, որ հնարավոր է իրական փոփոխություն։ Մենք մերժում ենք սուտը, երկակի ստանդարտներն ու անարդյունավետությունը»։
«ՆԺԱՐ» շարժման նախաձեռնողները հայտարարել են քաղաքական ակտիվ մասնակցության մասին՝ նախապատրաստվելով 2026թ. խորհրդարանական ընտրություններին։
Արտաշես Իկոնոմովը հավելեց, որ սեպտեմբերի վերջին կներկայացվի շարժման վարչապետի թեկնածուն և կառավարության ծրագիրը, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթը։




















