top of page

ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը կառավարությանը հուշում է՝ ինչպես է պետք պահպանել Հայաստանի բուսական աշխարհի գենետիկական ռեսուրսները

Sep 23, 2024
1 min read

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են՝ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը կառավարությանը ներկայացրել է բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ․

1․ՀՀ բուսական աշխարհի սեփական ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքը, այն է՝ գենետիկական ռեսուրսների պահպանման, կայուն օգտագործման և մատչելիության հետ կապված հարցերն անհրաժեշտ է կարգավորել ներազգային օրենսդրությամբ:

2․Հարկ է հստակ տարանջատել ինչպես գենետիկական ռեսուրսների սեփականության և փաստացի տիրապետման ռեժիմները, այնպես էլ սեփականության կամ փաստացի տիրապետման իրավունքների սուբյեկտ­ները։

3․Գենետիկական ռեսուրսների մատչելիությունը, տարբեր պետությունների հետ դրանց փոխանցման պարագայում հետագծելիության կառավարումը, դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար հիմունքներով համատեղ օգտագործումը պետք է իրականացվի համաձայն ներպետական օրենսդրության, կառավարելի ռիսկերով և առաջնորդվելով երկրի ազգային շահով։

4․Գենետիկական ռեսուրսների հավաքն անկախ նպատակից՝ առևտրային, գիտահետազոտական և այլն, չպետք է վտանգի բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը:

5․Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր  համաձայնություն, որը կսահմանի տվյալ գենետիկական ռեսուրսների ծագման երկրի գործադիր մարմնի նախապես հիմնավորված համաձայնությունը, գենետիկական ռեսուրսների հավաքման տարածքը, հավաքելու արդյունքում ակնկալվող օգուտների ձևերը և չափերը, տվյալ գենետիկական ռեսուրսների հավաքի ժամկետները, նպատակները:

6․Հավաքող կողմը պետք է ունենա գրավոր համաձայնություն, թե ինչ պայմաններով կարող է ձեռք բերված գենետիկական նյութը տարհանել կամ փոխանցել այլ կողմի:

7․Նախապես կնքված պայմանագրի և նախատեսված պայմանների չկատարման կամ խախտման դեպքերում կիրառել տուգանքներ, դիտարկել պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման և այլ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ, մշակել պայմանագրից ծագած վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմներ:

1/3798
bottom of page