Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ. վթարից տուժած կին

Ասացի, արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում: «Ուրալ»-ի վթարից տուժած Իննա Սարգսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում դեպքից մանրամասներ է պատմել:
Նա «Ուրալ»-ի վարորդի կողքին էր նստած, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37 -ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում:
Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է ստացել։
«Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան», - պատմում է զինծառայող կինը:
«Ուրալ»-ի վարորդ ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում էին՝ այդ մեքենան Հովսեփը 8 ամսվա ծառայության ընթացքում չի վարել, որովհետև այն միշտ անսարք է եղել. այդ օրը մեքենան, ըստ հարազատների, նաև գերբեռնված է եղել։ Իննան ասում է՝ այդ «Ուրալ»-ն առաջին անգամ էր նստել:
«Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմեց Իննան:
Քննչական կոմիտեում շարունակվում է վթարի քրեական գործով նախաքննությունը։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ տասնյակ հարցաքննություններ են եղել՝ զինծառայողներ, հրամանատարներ ու զորամասի մեքենաների անվտանգության պատասխանատուներ:
«Հիմնական ջանքերը գործադրվում են ոչ միայն վթարի տեղի ունենալու օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառները պարզելու, այլ նաև ավտոմեքենայի շահագործման համար պիտանի լինելու հանգամանքը, ծանրաբեռնվածությունը ինչքանով է թույլատրելի եղել: Հիմնական շեշտը դրվում է այս հարցերի պատասխանները ստանալու վրա», - ասաց Աբրահամյանը:
Դեռևս չի հարցաքննվել «Ուրալ»-ի վարորդը՝ Հովսեփ Համբարձումյանը։ Նա բազմաթիվ վնասվածքներ ունի։ Մայրը՝ Անժելա Շեկիկյանը պատմեց՝ որդուն այսօր վիրահատել են և դեռ էլի են վիրահատելու:
«Անփույթ, անպատասխանատու վերաբերմունքով որդուս կեսամարդ սարքեցին», - հուզվում է զինծառայողի մայրը։
Հովսեփը դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա բարեկամներն ասում են՝ գիտակցությունը պարզ է, հետվիրահատական ապաքինման փուլը անցնի՝ կխոսի:
Վթարի հետևանքով վնասվածք ստացած զինծառայողներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, մյուսները հիվանդասենյակներում են:
Մարտական հենակետում միմյանց նկատմամբ հոգատարությունը հիմա տեղափոխվել է հոսպիտալ։ 9 տարվա զինվորական է Իննան, լավանա ծառայությունը կշարունակի։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կա 4 զոհ: ՊՆ-ն հրապարակել է մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։




















