Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց
- Armen Sukiasyan
- 3 hours ago
- 1 min read
Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանն ազատ է արձակվել։ Դատարանը մերժել է քննիչի ներկայացրած բողոքը։
Անուշ Միրզոյանին իրավապահները մեղադրում էին շուրջ չորս տարի առաջ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին «ողջունելու» գործով։
Ավելի վաղ լրագրող Անուշ Միրզոյանն անձամբ էր հայտնել իր նկատմամբ քրեական հետապնդման մասին։ Պարզվեց՝ լրագրողին քրեական հետապնդման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի դեմ 2021 թվականին Սյունիքում իրականացված ակցիայի գործով, որով վաղեմության ժամկետները ավարտվել են։
«2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը): Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- այս առնչությամբ ավելի վաղ ասել էին Քննչական կոմիտեից։