Ժաննա Անդրեասյանը հրուշակագործության լաբորատորիայի բացմանն է մասնակցել
- Armen Sukiasyan
- 2 days ago
- 2 min read

ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը:
Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը:
Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն է:
«Ամեն նոր ծրագրի հետ երկու երկրների հարաբերությունները նոր բովանդակություն ու շունչ են ստանում: Դրանք իրենց կարևոր նպաստն են բերում կրթության որակի բարձրացմանը, ինչից առաջին հերթին շահում են սովորողները»,- ասել է նախարարը:
Նա հիշատակել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոն համագործակցության՝ օրերս Սյունիքում տեղի ունեցած հերթական նիստը, ինչը, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ համագործակցությունը բազմաշերտ է և տարբեր ուղղություններով:
Նախարարի գնահատմամբ՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում. «Այս հաստատությունում գործում է կարողություների զարգացման մի մոդել, որի նշանակությունը համակարգային է և կարող է կիրառվել նաև մյուս հաստատություններում: ԿԳՄՍ նախաարությունն ամեն ինչ անելու է ստեղծված հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործվեն ի նպաստ երիտասարդների»:
Անդրադառնալով ոլորտի զարգացնանը` նախարարն առանձնակի կարևորել է նախընթաց տարում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն է տալիս համակարգը հասցնելու որակական նոր չափանիշների:
ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել, որ լաբորատորիան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս ենթակառուցվածքի ստեղծումը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարարության զարգացումն ու գիտելիքի փոխանցումը:
Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է:
Լաբորատորիայի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ֆրանսիական ճարտարապետական և շինարարական ընկերությունների կողմից։ Ամբողջ գույքն ներկրվել է Ֆրանսիայից. տեղադրվել է 12 աշխատասեղան՝ կահավորված համապատասխան նոր սարքավորումներով, նախատեսված միաժամանակ 12 սովորողի համար։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 700 000 եվրո, որի մեծ մասը հատկացրել է Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնը»։