«Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը կարգելի անցանկալի անձանց առաջադրվել և ընտրվել որևէ պաշտոնում». Հայկ Այվազյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում պարբերաբար նկատում եմ քննարկումներ ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում վարչապետի լիազորությունների կրճատման, իշխանության թևերի տարանջատման սկզբունքի ընդլայնման օգտին։
Ցավոք, քննարկումները կրկին սխալ ուղղությամբ են գնում։
1. Անձամբ ես կողմ եմ ուժեղ նախագահական համակարգին, բայց ոչ այն մեկին, որ կար 2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ։
2. Պետությունը արդյունավետ ղեկավարելու համար նախագահը պետք է ունենա մեծ և լայն լիազորություններ։ Այսինքն դրանք պետք է ոչ թե կրճատվեն և սահմանափակվեն, այլ ավելանան և ընդլայնվեն։
3. Հայաստանը չի կարող արդյունավետ զարգանալ, երբ ներսում գործում են իրարից անկախ երեք իշխանության թևեր, որոնք կարող են միմյանց հետ գտնվել մրցակցության մեջ, երբեմն նաև կոնֆլիկտների մեջ, այդ թվում նաև արտաքին ազդեցությամբ պայմանավորված։ Դա պետությանը դարձնում է խոցելի։
4. Արդյունավետ զարգանալու համար Հայաստանը պետք է ունենա իշխանության չորրորդ թև, որը կլինի իշխանության մյուս երեք թևերի իշխանությունը, այսինքն իշխանությունների իշխանությունը, և կսահմանի իշխանության երեք թևերի գործունեության սկզբունքները, ուղղություններն ու ռազմավարությունը, որոնք կլինեն պարտադիր կատարման համար։
5. Հանրապետության նախագահը պետք է լինի այդ չորրորդ՝ իշխանությունների իշխանության գլուխը։
6. Անցանկալի անձանց կողմից պետությանը վնաս հասցնելու հնարավորությունը կանխելու համար պետք է ոչ թե սահմանափակել պետության ղեկավարի լիազորությունները, այլ օրենքներով ստեղծել այնպիսի համակարգ, որը կարգելի անցանկալի անձանց զբաղվել քաղաքականությամբ, առաջադրվել և ընտրվել որևէ պաշտոնում, զբաղվել լրատվական գործունեությամբ։
Առայժմ այսքանը ընդհանուր գծերով»:




















