Պուտինն արդեն իր դեմքով է մտել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժելու գործընթացի մեջ, հետքայլ չի անելու. Քաղտեխնոլոգ
- 19 hours ago
- 2 min read

Նիկոլ Փաշինյանի այցը Բիշքեկ ձախողված է համարում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, քանի որ էական հանդիպումներ, երկկողմն ու բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներ չեն եղել։ Երկկողմ երկու հանդիպումներից՝ Փաշինյան-Ալիև ու Փաշինյան-Պուտին, վերջինն առավել քննարկվողն ու աղմուկ հանածն է։
«Հանդիպումը ցույց տվեց, որ երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումներից հետ չեն կանգնել։ Պուտինը ևս մեկ անգամ հրապարակային կերպով պնդեց հանրաքվե անցկացնել։ Առավել կարևոր էր Պուտինի մեծ մամուլի ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունը, եթե պետք լինի Գյումրու ռազմական բազան հենց վաղն էլ կարող ենք հանել։ Շատերը լավ չհասկացան, թե ինչ է սա նշանակում։ Հայաստանում Ռուսաստանն ունի մեկ շատ կարևոր ակտիվ, դա ռազմական բազանն է։ Երկաթգիծը, Գազպրոմը բիզնես ակտիվներ են, կարող է Ռուսաստանը վաճառել, խնդիր չէ, միակ քաղաքական ակտիվը ռազմական բազան է։ Երբ հրապարակային կերպով Պուտինը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ Հայաստանի ղեկավարություն, դու չփորձես ինձ շանտաժի ենթարկել, թե այնտեղ բազա կա, դու արի իմ ասածներն արա։ Պուտինն ասում է՝ ես ինքս կթողնեմ, կգնամ, բայց դու չես կարող իմ վրա վաճառել ոչ ՀՀ երկորդ նախագահի ձերբակալությունն ու կալանավորումը, ոչ էլ այլ բան, դու իմ վրա ազդեցության լծակ չունես, ես ունեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը՝ չբացառելով, որ ռուսական ռազմաբազայի դուրս գալուց հետո Հայաստանում կարող է տեղակայվել, օրինակ, իրանական զորքը։
Նրա ներկայացմամբ, հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահն իր դեմքով է մտել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժելու գործընթացի մեջ։
«Սա նշանակում է մի բան, որ Ռուսաստանը հետքայլ չի կատարելու։ Ռուսաստանի ղեկավարն արդեն իր դեմքով է մտել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժելու գործընթացի մեջ, իրենք հետքայլ չեն անելու։ Դա նշանակում է, որ մինչև նոյեմբերի 30-ը կամ իրենք կապամոնտաժեն Հայաստանի իշխանութուններին, կբերեն ուրիշին, կամ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում կկասեցվի։ Սա արդեն Պուտինի ռեպուտացիոն՝ հեղինակության խնդիրն է Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում, դրա համար է պահը շատ լուրջ, որը Հայաստանում լավ չեն հասկանում կամ լրջորեն չեն մոտենում»,-ասաց նա։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ, շատ կարևոր հանգամանք է Պուտինի կողմից Փաշինյանին Մոսկվա հրավիրելը։
«Սա նշանակում է, որ Պուտինը Հայաստանի վարչապետին ասաց՝ հարգեկիս, ես քո հետ Բիշքեկում այս լուրջ հարցերը քննարկելու ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն չունեմ։ Կգաս Մոսկվա, կբերես քո շրջապատին, քո մասնագետներին, ես քեզ այնտեղ կասեմ, թե դու ոնց ես կապիտուլյացիայի ենթարկվում։ Այս իրավիճակից երեք ճանապարհ կա»,-նշեց Բադալյանը։




















