Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Արեշում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 2 min read
Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ականջախեցու հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 102 շտապօգնության բժիշկների թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե.-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։
Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե.-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե.-ն և 22-ամյա Սեյրան Ե.-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։