Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. ՇՄ նախարար
- Armen Sukiasyan
- 21 hours ago
- 1 min read

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում մասնակցեցի «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին, գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։
«Իմ ելույթում անդրադարձա կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա և ընդգծեցի, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային սեկտորի խոցելիությունը։
Ներկայացրի մեր ձեռնարկած քայլերը՝
ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում,
ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր,
ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ,
Հայաստանի կառավարության կողմից կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում՝ ուղղված ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործմանը
Շեշտեցի նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։
Համաժողովի ընթացքում կարևորեցի միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացրի 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17)՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- գրել է նախարարը։