Մայրը պնդում է, որ իր 1,7 տարեկան տղան մահացել է բժշկի անփութության հետևանքով
- Armen Sukiasyan
- 24 hours ago
- 2 min read

Այսօր՝ մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխում է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականներն ասել են.
«Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց:
Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն, երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժշկուհի, պատասխանեց, որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել:
Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեինք էստեղ, դիակը տվեցին:
Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատերի արանքով չմոտենան:
Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվելու առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի:
Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ:
Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինի, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունում էլ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի անձանց կողմից հարձակման է ենթարկվել բժշկուհին, ինչն արձանգրվել է հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների կողմից, մինչդեռ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարձակում կատարողը եղել է երեխայի տատը, «ով, լսելով թոռան մահվան մասին, այլ բան չէր էլ կարող անել, քանի որ նրա ու թոռան կապն ամենօրյա է եղել»: