«Հերացի» ավագ դպրոցը հրաժեշտ է տալիս 189 շրջանավարտի, ուրախ եմ, որ ավարտողների շուրջ 70 տոկոսը ԵՊԲՀ դիմորդ է․ Մուրադյան
- Armen Sukiasyan
- 13 hours ago
- 1 min read
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին, որում մասնավորապես ասվում է.
«Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ
Հավատում եմ ձեր ներուժին և ապագան ավելի լավը դարձնելու առողջ ձգտմանը՝ ուզում եմ, որ ձեր կառուցողական յուրաքանչյուր նախաձեռնություն հաջողությամբ պսակվի․․․
Եղեք առողջ և միշտ ձգտեք լավագույնին:
Համալսարանական հարկի ներքո գործող «Հերացի» ավագ դպրոցն այսօր հրաժեշտ է տալիս 189 շրջանավարտի:
Ուրախ եմ, որ ավարտողների զգալի մասը` շուրջ 70 տոկոսը ԵՊԲՀ դիմորդ է, ապագա բժիշկ, որոնք, ավարտելով կենսաքիմիական հոսքում, իրենց ուսումնառությունը շուտով ուսանողական նստարանին կշարունակեն արդեն բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցում` նպաստելով հայրենի բժշկագիտության զարգացման գործին:
Սիրելի՛ շրջանավարտներ, ծնողներ, այսօր շնորհավորական խոսքեր կլսեք կրթության պատասխանատուներից, մանկավարժներից, կրթության կազմակերպիչներից` ի դեմս տիկին Սարգսյանի, որոնք փոխանցել են աշակերտներին ամենաարժեքավորը` գիտելիք:
Հավատացեք մեր մեծագույն ցանկությունն է, որպեսզի յուրաքանչյուրդ դառնա Հայաստանի արժանի քաղաքացի` հայրենասիրությամբ և գիտելիքով զինված, գործի ի շահ մեր երկրի:
Ի տարբերություն նախորդ տարիների, անչափ ուրախ եմ, որ այս ուսումնական տարում դուք վերջապես հնարավորություն ունեցաք սովորել և ավարտել դպրոցը իր ճիշտ տեղակայման հասցեում, վերակառուցված պայմաններում:
Գաղտնիք չէ, որ երկարատև հիմնանորոգման աշխատանքներից հետո դպրոցի բացմանը բժշկական բուհում երկար են սպասել: Հանրապետության լավագույն ավագ դպրոցների շարքում կարևոր դեր ունեցող համալսարանական հանրակրթական հաստատության հաջողությունները տարիներ շարունակ ակնառու են ու տեսանելի հանրության համար:
Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում այժմ ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները:
Այսպիսով, ամփոփելով խոսքս, ուրախ եմ այսօր այս երիտասարդական, ապագայի գեղեցիկ ծրագրերով լցված միջոցառմանը մասնակցելու համար:
Բոլորիդ բարի երթ դեպի մեծ կյանք, լուսավոր ու վառ ապագա, երջանիկ օրեր»: