top of page

Իշխանությունների վարկանիշն այն մակարդակի վրա չէ, որ կարողանան ալիք առաջացնել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու և իրենց հավակնություններին հասնել. Աստվածաբան

Jun 2, 2025
2 min read

Երկրի վարչապետը եկեղեցու համար շարքային հավատացյալ է, և որևէ լիազորություն չունի իր հայտարարությունները կյանքի կոչելու համար. Aysor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց աստվածաբան Վարդան Խաչատրյանը։

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

«Պատկերացնել, որ նա կարող է այնպիսի նախաձեռնություն իրականացնել եկեղեցու նկատմամբ, ինչ հայտարարել է․․․ Այդպիսի բան ոչ միայն օրենքով չկա, այլև գոյություն ունեցող հնարավորությունների շրջանակում բացակայում է։ Թերևս ներկա իշխանությունները միայն հասարակական կարծիքի ճնշման ներքո կարող են ինչ-որ բանի հավակնել, ինչ-որ երևակայական եզրույթի հավակնել, բայց դա չի կարող լինել՝ ելնելով թեկուզ այն բանից, որ նրանց վարկանիշն այն մակարդակի վրա չէ, որ կարողանան այդպիսի ալիք առաջացնել ընդդեմ Հայոց առաքելական եկեղեցու»,-ասաց աստվածաբանը և ի գիտություն իշխանությունների՝ հիշեցրեց, որ նրանց վարկանիշը շարունակում է իջնել։

«Պարբերաբար բացասական դինամիկա է գրանցվում ընտրությունից ընտրություն և այդ տեսակետից պատկերացնել, որ այդ իրավիճակում հնարավոր է առաջացնել այնպիսի հասարական ալիք՝ դատապարտման և այլնի, որի արդյունքը լինի իրենց նախանշած սցենարով՝ այդպիսի հնարավորություններն այս պահի դրությամբ և մոտակա մեկ տարվա ընթացում՝ մինչև նոր ընտրությունները չեն լինելու»,-ասաց նա։

Աստվածաբանը դժվարացավ ասել, թե իրական ինչ շարժառիթներ են ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետևում. «Երբ կրոնական գործիչը որոշեց գլխավորել ընդդիմությունը, փաստորեն, եկեղեցու և գործող իշխանությունների միջև առաջացան խորը հակասություններ։ Հիմա հակասությունների զարգացումը բերել է ներկայիս իրավիճակին, որը որևէ կերպ ողջունել և նորմալ համարել չի կարելի»։ 

Վարդան Խաչատրյանն ընդգծեց՝ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային նշանակության երևույթ է և ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը։ «Նրա ազդեցությունը սփյուռքի վրա բացառիկ է, ինչից ելնելով՝ մեր հետագա հնարավոր դրական զարգացումները մի զգալի չափով վտանգավոր իրավիճակում են՝ պայմանավորված եկեղեցի-պետություն սինխրոն գործունեությամբ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է եկեղեցին հարկելու մասին կրկին վեր հանած խոսակցություններին՝ Վարդան Խաչատրյանը նշեց. «Եկեղեցու հարցում գոյություն ունի շատ-շատ լուրջ խնդիր, արգելանք, որտեղ այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել հնարավոր չէ, որովհետև եկեղեցու միջոցները գումարվում են նվիրատվության հաշվին, մոմավաճառությունը և մյուս եկամուտները չնչին են։ Իսկ նվիրատվության դեպքում պետք է նվիրատերը բողոքի, որ դու կարողանաս նման հարց բարձրացնել։ Եթե նվիրատերը գոհ է նրանից, ինչ տվել է ի օգուտ ՀԱԵ-ի, հիմա դրա ի՞նչը պետք է ստուգես, ի՞նչը պետք է բռնացնես։ Դա այն մարդու ունեցվածքն է, որը հայաստանցի էլ չի։ Երբ նվիրատուն ասում է՝ «ես գոհ եմ, չեմ բողոքում», դու ի՞նչ պետք է անես»։

Աստվածաբանը նշեց․ «Ո՞ր իշխանություններին է հաջողվել եկեղեցին ծնկի բերել, որ այս իշխանություններին հաջողվի։ Իշխանությունները եկել են, գնացել են, իշխանությունները վերացել են, Հայոց առաքելական եկեղեցին մնացել է ու մնացել արդեն 1700 տարի և ավելի, ի՞նչ պետք է փոխվի»։

 
 
1/3798
bottom of page