Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը. Սուրենյանց
- Armen Sukiasyan

- 6 hours ago
- 2 min read

Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։
Թեև այս քայլը ներկայացվում է որպես «թափանցիկության դրսևորում», փաստացի այն կիսատ է, ընտրովի և չի տալիս բանակցային գործընթացի ամբողջական ու հավաստի պատկերը։
Հրապարակված փաստաթղթային փաթեթը կիսատ է և ամբողջականությունից զուրկ
Ներկայացված նյութերում բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ.
1994 թ․ եռակողմ զինադադարի փաստաթուղթը,
ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ-ի հայտարարությունը,
Քի Վեսթի փաստաթղթերը,
Պրահյան գործընթացի արձանագրությունները,
մի շարք միջանկյալ, բայց բովանդակային առումով վճռորոշ նյութեր։
Այս բացերը փաստում են, որ ներկայացված պատկերը ոչ միայն թերի է, այլ նաև թե մանիպուլյատիվ՝ նպաստելով իշխանության կառուցած քաղաքական շահարկումների սպասարկմանը։
Ընդդիմության պահանջը մասամբ է կատարված
Թեպետ հրապարակվել է 2019 թ․ կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները։
Այս բացը խաթարում է գործընթացի ամբողջական ընկալումը և թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։
2019 թ․ փաստաթուղթը հստակորեն պահպանել է Արցախի հայկականությունն ու սուբյեկտությունը
Հրապարակված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է, որ՝
Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր սուբյեկտությունը,
գործելու էին միջազգային անվտանգության հստակ մեխանիզմներ,
հայկական բնակչության իրավունքներն ու ինքնությունը պաշտպանված էին լինելու,
տարբերակ չի կանխորոշել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
Այս հանգամանքները հակասում են վերջին տարիներին իշխանության կողմից արհեստականորեն ձևավորված պատկերացումներին ու կեղծ նարատիվներին:
2018–2020 թթ․ կայացված քաղաքական որոշումները խափանել են բանակցային ողջ ճարտարապետությունը
Նույնիսկ փաստաթղթերի այս թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ այս շրջանակում՝
մերժվել է բանակցային ժառանգությունը,
տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից։
Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալները։
Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը
Հրապարակված նյութերը հստակ ցույց են տալիս, որ՝
2019 թ․ առաջարկը պատերազմ չէր բերում,
Արցախի սուբյեկտությունը ու անվտանգային համակարգը լիովին երաշխավորվում էին,
բանակցային գործընթացը, լինելով դժվար, սակայն իրականում կանխում էր պատերազմը։
Պատերազմը չի ծագել առաջարկվող փաստաթղթերից, այլ դրանց մերժումից և բանակցային համակարգի փլուզումից։
Այսպիսով, գանք հիմնական եզրակացությանը՝ 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ:
Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա»:




















