«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ առաջ «զադնի է դրել»
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։
Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։
Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։




















