top of page

«Հրապարակ». Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար

  • 2 hours ago
  • 2 min read

«Արցախ» բառը երկրի երեսից ջնջել-ոչնչացնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց երկուսուկես տարի անց՝ նախօրեին, որոշեց վերջապես հանդիպել արցախցիների հետ, ավելի ճիշտ՝ մի խմբի։ Եվ արդեն երկու օր է՝ ակտիվ հանրությունը վրդովված քննարկում է Փաշինյանի մասնակցությամբ կայացած այդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողովի անվան տակ: Ամենից շատ քննարկվողը, իհարկե, արցախցի մի տղամարդու շնորհակալական ելույթն էր` ուղղված Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Իսկ համաժողովին մասնակցող վարչապետն ու նախարարները քննարկում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում երեւանամերձ համայնքներում 1 անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից 4 միլիոն դարձնելու հարցը: Տղամարդն էլ հոտնկայս շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին` նման աննախադեպ հոգատարության համար։ Նրա խոսքով՝ եթե պետական աջակցությունը չլիներ, ապա տեղահանվածներից շատերը կարող էին լքել Հայաստանը։ Թեեւ մենք գիտենք, որ մեծ թվով արցախցիներ արդեն իսկ լքել են Հայաստանը` մեկնելով տարբեր երկրներ: Միեւնույն ժամանակ, քաղաքացին խոսում էր առկա խնդիրների մասին՝ ընդգծելով, որ, օրինակ, Աշտարակ համայնքում բնակարանների գները բարձր են, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրերից։



«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է հաստատվել Աշտարակում եւ իրենց ապագան կապել համայնքի հետ։ Սակայն 3 միլիոն դրամ սերտիֆիկատը բավարար չէ։ Խնդրում ենք վերանայել ծրագիրը եւ այն դարձնել 4 միլիոն դրամ։ Էջմիածնում սերտիֆիկատները 4 միլիոն դարձնելուց հետո բավականին շատ ընտանիքներ արդեն բնակարան են ձեռք բերել»,- նշել է նա։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանին իր երախտագիտությունը հայտնող արցախցի տղամարդն Արագածոտնի մարզպետի օգնականն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ընտրությունները արցախցիների շրջանում «զոնդաժի» ծրագրեր են իրականացվելու, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ վտարանդի դարձած մեր հայրենակիցների թեկուզ մի մասն իրենց ընտրի։ Այդ աշխատանքները, ըստ տեղեկությունների, տարվում են երկու ճակատով, մեկը համակարգում է արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը, որը ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանությունների հետ եւ նախօրեի հանդիպում-համաժողովի կազմակերպիչներից է եղել, թեպետ քիչ թվով մարդկանց է կարողացել հավաքագրել: Մյուսն Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանի հորեղբորորդին է՝ Անդրանիկ Գրիգորյանը, որն Արցախում ԱԱԾ օպեր է եղել եւ ավելի շատ կոնտակտ է պահում մարտունեցիների հետ: Պատմեցին, որ իր համերկրացիներին վերջերս անգամ տարել՝ Կիրանցի պատմական պատի հետ է ծանոթացրել։


Լիանա Պետրոսյանին էլ արցախցիները համարում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարդը, եւ Հայաստանում նույն անուն-ազգանունով քաղաքական «տանիքի» տակ է այժմ նա գործում՝ հանձին Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։ Կոնկրետ Լիանա Պետրոսյանի վրա խնդիր է դրված վտարանդի, հայրենազուրկ արցախցիներին բերել բացառապես սոցիալ-տնտեսական թեմաների տիրույթ եւ մոռացության տալ վերադարձի ու այլ հարցերի, մյուս իրավունքների հետ կապված պահանջատիրությունը։ Նույնն էլ Արմեն Գրիգորյանի զարմիկն է անում` իր մտերիմների շրջանում զոնդաժ է անում, որ արցախցիներին պրոպագանդեն այս գիծը եւ համոզեն, որ ներկայում Արցախ վերադարձի հարցը ոչ միայն անիրատեսական է, այլեւ՝ վտանգավոր։

Պարզ ասած՝ իշխանությունը մի քանի ուղղությամբ է գործում․ փորձում է փողի եւ սիրաշահելու միջոցով իր կողմը բերել արցախցիներին: Ի դեպ, ում կարողացել են իրենց կողմ բերել, շատ արագ ՀՀ քաղաքացիություն են տալիս, որ գնան իրենց ընտրեն, ի տարբերություն մյուսների, որոնք փաստաթղթեր ստանալու դժվարություններ ունեն, իսկ առանց ՀՀ անձնագրի չեն կարողանա ընտրություններին մասնակցել եւ ընդդիմության օգտին քվեարկել:



 
 
bottom of page