ՊՆ-ից հաստատում ու պարզաբանում են, թե ինչու են փոխել Հայաստանի բանակի զինանշանը
- 11 hours ago
- 2 min read

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաստատեցին՝ փոխել են Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը։
ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ նշվում է, որ ներկայացնում են Հայաստանի բանակի արչդիականացված նոր զինանշանը։
Անդրադառնալով զինանշանի արդիականացման անհրաժեշտության պատճառներին՝ ՊՆ-ից նշում են. «2001 թվականին հաստատված և Հայաստանի Զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է զինանշանի արդիականացման սրբագրման գործըթնացը։
«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները՝ ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։
Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն Հայաստանի Հանրապետության բանակի առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։
Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված՝ առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։
Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանի նկարագրությունը
Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է։ Պատկերված է լիակատար, կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։
Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ՝ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։
Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ՝ այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության՝ արծվի հովանու և պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում՝ սերմնահատիկով՝ որպես Հայաստանի Հանրապետության բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։
Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։
Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր․ ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչը՝ Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։
Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը և Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Այս տարրերը զինանշանը ներդաշնակորեն կապում են Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է։
Կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները Հայաստանի Հանրապետության բանակում շարունակվում են»։




















