«Հրապարակ»․ «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություն-եկեղեցի հակամարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։
Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։
Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։
Տեքստում նշված է նաեւ, որ հայտարարությունը չի հանդիսանում որեւէ անձին ուղղված աջակցություն եւ չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Այն միտված է Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պահպանմանը, իրավական որոշակիության ապահովմանը, ինչպես նաեւ՝ պետության եւ կրոնական կազմակերպությունների իրավասության սահմանազատման հստակեցմանը։
Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։




















