top of page

«Հրապարակ»․ Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին

  • 6 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Գործով անցնում են նաեւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։

Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաեւ Կիլիկիացի Հարութիկը։ Բրուտյանի փաստաբան Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։

Հարցրինք նաեւ՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել․ նրան եւ ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»։

 
 
1/3428
bottom of page