Ցեղասպանության մեղավորը մեղադրում է զոհին. Լեմկինի ինստիտուտ
- 2 hours ago
- 2 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոլոքոստի հիշողությունն օգտագործում է Հարավային Կովկասում իր ցեղասպանածին նպատակները թաքցնելու համար, նշվել է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունում։
Ինստիտուտում այսպես են մեկնաբանել Ալիեւի վերջերս արած համեմատությունը Բաքվում գտնվող հայ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների եւ Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտված նացիստ առաջնորդների միջեւ։
«Նա աններելիորեն նվազեցնում է հոլոքոստի նշանակությունը՝ դրա հիշողությունն օգտագործելով որպես Հարավային Կովկասում իր ցեղասպանական նպատակների քողարկում։ Պետք է հիշել, որ հոլոքոստը եվրոպական հրեականության ոչնչացման համակարգված փորձ էր եւ մարդկության պատմության մեջ ամենամեծ եւ ամենաընդգրկուն ցեղասպանություններից մեկը»,- նշվել է հայտարարության մեջ։
Ալիեւի հայտարարությունը հատկապես վտանգավոր է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ագրեսիվ պատերազմի համատեքստում, որը պատերազմական ժամանակ Ադրբեջանը վերածել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կարեւոր դաշնակցի՝ Ալիեւին տալով ավելի մեծ անպատժելիություն, քան նա մինչ այժմ վայելում էր, կարծում են ինստիտուտում։
«Նախագահ Ալիեւի հայտարարությունները հայելային արտացոլման օրինակ են, որտեղ ցեղասպանության մեղավորները մեղադրում են իրենց զոհերին հանցագործության համար: Դրանք նաեւ ցույց են տալիս ցեղասպանություն իրականացնող պետությունների կողմից օգտագործվող մեկ այլ տարածված եւ խիստ արդյունավետ մարտավարություն՝ այն, ինչը հոգեբաններն անվանում են DARVO՝ ժխտում, հարձակում, զոհի եւ հանցագործի շրջում»,- նշվել է տեքստում։
Հեղինակները նշել են, որ Ալիեւը հերքում է ադրբեջանական ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ հավաստի մեղադրանքները եւ հայերին անվանում է ռազմական հանցագործներ: Այնուհետեւ նա խեղաթյուրում է իրականությունը՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես իրական զոհ, իսկ հայերին՝ որպես պետության գոյության սպառնալիք: Նման հռետորաբանությունը ոչ միայն մեծացնում է լարվածությունը, այլեւ խրախուսում է մարդկանց ցեղասպանությունը համարել արդարացված:
«Լեմկինի ինստիտուտը նախագահ Ալիեւին համարում է ցեղասպանություն իրականացնող պետության առաջնորդ՝ պետություն, որի ինստիտուտները ներծծված են ցեղասպանական գաղափարախոսությամբ, որի քաղաքականությունը ձեւավորվում է ցեղասպանական նպատակներով, եւ որի ցեղասպանական հռետորաբանությունը ծառայում է որպես ներքին լեգիտիմության կարեւոր բալաստ: Նախագահ Ալիեւը ինստիտուցիոնալացրել է ցեղասպանական հայատյացությունը պետական բոլոր ինստիտուտներում եւ հասարակական կյանքում»,- նշվել է հայտարարության մեջ:
Ինստիտուտի ներկայացուցիչները կարծում են, որ եթե արեւմտյան աշխարհը գործողություններ չձեռնարկի եւ շարունակի հրահրել Ադրբեջանի նախագահին, ապագայում նրան ավելի լուրջ խնդիրներ են սպասվում: Որքան շատ անպատժելիություն շնորհվի նախագահ Ալիեւին, այնքան ավելի շատ նա կձգտի իրականացնել «Մեծ Ադրբեջանի» իր երազանքները, որը կներառի նաեւ ներկայում անկախ Հայաստանի Հանրապետությունը: «Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հստակություն: Առաջնորդները, որոնք իրենց գործողությունները տարածում են զոհերի վրա, նպաստում են զանգվածային վայրագություններին, այլ ոչ թե պայքարում են դրանց դեմ: Նրանք խաթարում են արդարությունը, այլ ոչ թե պաշտպանում այն»,- նշվել է հայտարարության մեջ:
Ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ, որ պատմական հիշողությունը մանիպուլացվի՝ հօգուտ ցեղասպանական շարունակական ծրագրերի:




















