«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի վախն են բռնում
- 6 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։
Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել:
Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։
ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել:
Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձեւական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։




















