Սիդնեյի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է 13-ամյա դեռահասի վրա
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Կիրակի օրը Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է դեռահասի վրա, ինչի հետևանքով տղան ոտքերի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ըստ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության, գիշատիչը մոտ 13 տարեկան տղային կծել է ուշ երեկոյան՝ Շարք Բիչ լողափի մոտակայքում։
«Ենթադրվում է, որ վնասվածքները հասցրել է խոշոր շնաձուկը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ըստ ոստիկանության, իրավապահները դեռահասին ջրից հանել են Սիդնեյի արևելյան Վոկլյուզ արվարձանի Հարբոր լողափի մոտ՝ միջադեպի մասին ահազանգ ստանալուց րոպեներ անց։ Ոստիկանական կատերի վրա նրանք տղային առաջին օգնություն են ցուցաբերել՝ ոտքերի ծանր վնասվածքների պատճառով երկու բժշկական լարան դնելով։ Բուժաշխատողները նրան տեղափոխել են Սիդնեյի մանկական հիվանդանոց, որտեղ նա գտնվում է կրիտիկական վիճակում։ «Լողորդներին խորհուրդ է տրվում առայժմ խուսափել մերձակա ջրեր մտնելուց»,- հայտնել է ոստիկանությունը։
Գիշատիչների և մարդկանց բախումների տվյալների բազայի համաձայն, 1791 թվականից ի վեր Ավստրալիայում տեղի է ունեցել շնաձկների մասնակցությամբ ավելի քան 1280 միջադեպ, որոնցից ավելի քան 250-ը՝ մահվան ելքով։
Գիտնականները նշում են, որ ջրերի գերբնակեցումն ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը, ինչն ըստ ամենայնի ազդում է շնաձկների միգրացիայի վրա, կարող են նպաստել հարձակումների թվի աճին՝ չնայած չափից ավելի ձկնորսությանը, որը հանգեցնում է որոշ տեսակների նվազմանը։




















