Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- 2 minutes ago
- 1 min read

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-փետրվար ամիսներին։
Այսպես.
2026թ. բարձր տնտեսական աճի տեմպը պահպանվում է՝ հիմնականում պայմանավորված հանքարդյունաբերության աճով։ Ընթացիկ տարին սկսվել է համեմատաբար բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով, որի տեմպը փոքր-ինչ դանդաղել է փետրվարին: Փետրվար ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 7.2%՝ 0.4 տոկոսային կետով դանդաղելով հունվարի նկատմամբ: Հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ը կազմել է 7.4%, որին ամենամեծ դրական նպաստում է ունեցել արդյունաբերության ոլորտը, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել հիմնականում հանքարդյունաբերության աճով: ՏԱՑ-ին դրական նպաստում են ունեցել նաև ծառայությունների, առևտրի և շինարարության ոլորտները:
Արտահանման և ներմուծման ցուցանիշները վերականգնվել են։ Հունվարին արձանագրված անկումից հետո, փետրվարին թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները կտրուկ վերականգնվել են՝ աճելով համապատասխանաբար 37.6% և 26.9%-ով։ Թեև փետրվարի արտաքին առևտրի կառուցվածքային տվյալները դեռևս չեն հրապարակվել, հունվարի ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ արտահանման աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ակտիվացմամբ։
Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը աճում են, սակայն կապիտալ ծախսերը՝ նվազում։ 2026թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճել են։ Միաժամանակ, կապիտալ ծախսերը զգալիորեն նվազել են՝ 58.8%-ով։ Կապիտալ ծախսերի նման կտրուկ անկումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը երկարաժամկետ տնտեսական աճի և ենթակառուցվածքային զարգացման համար։
Գնաճի տեմպը սկսել է արագանալ։ Գնաճի տեմպը 2026թ. փետրվարին կազմել է 4.3%՝ հունվարի համեմատ արագանալով 0.5 տոկոսային կետով: Այդ պայմաններում, սակայն, կենտրոնական բանկը մարտ ամսվա ընթացքում չի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6.5%-ի մակարդակում:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/Zc8az ։




















