top of page

Վահագն Խաչատուրյանը և ԵՄ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը կարևորել են առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։ 

Նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքը զգալի ներդրում է ունեցել լարվածության նվազեցման և խաղաղ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել առաքելությանը՝ դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ 

Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և վստահության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել այս առաքելության ղեկավարումը նման կարևոր ժամանակահատվածում։ Նա ընդգծել է, որ շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ առաքելության արդյունավետությունն ապահովելու և տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Եվրամիության դիտորդական առաքելության դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի համատեքստում։ 

Նշվել է նաև, որ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք բարձր են գնահատում դրա դերը սահմանամերձ բնակավայրերում անվտանգության և կայունության ապահովման գործում։ 

Հաղորդվում է, որ կողմերը կարևորել են նաև արդեն ընթացող խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

 
 
1/3448
bottom of page