Fast-Forward կոնֆերանս. Բիզնեսի զգայուն հարցերի անկեղծ քննարկում
- 11 hours ago
- 2 min read

2026 թվականի ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսը՝ կազմակերպված Մեդիամաքս մեդիա ընկերության Banks.am պորտալի եւ Boyden Armenia ընկերության կողմից:
Fast-Forward-ի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր, որտեղ գործարարները կարող են քննարկել առաջնորդությանը, կառավարմանն ու զարգացմանը վերաբերող զգայուն հարցեր:
Կոնֆերանսի գործընկերներն էին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:
«Աշխատանքի ընթացքում հաճախ նկատում ենք, որ բիզնեսը միշտ չէ, որ պատրաստ է մեդիայի հետ բաց երկխոսության։ Որոշեցինք, որ դժգոհելու փոխարեն պետք է նախաձեռնենք եւ ձեւավորենք այնպիսի միջավայր, որում բոլոր կողմերը կզգան՝ մենք գործընկերներ ենք, եւ այս հարցերի քննարկումը բխում է բոլորիս շահերից», - ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:
Boyden ընկերության գործընկեր, հայաստանյան եւ վրաստանյան գրասենյակների ղեկավար Սեւադա Բաղդյանն էլ ասել է, որ հայկական բիզնեսները, որքան էլ երիտասարդ լինեն, արդեն իսկ ունեն իրենց ձեւավորված «գենը», ԴՆԹ-ն կամ մոդելը:
«Եթե որոշենք, որ հայկական կառավարման մոդելն ու մոտեցումները ցանկանում ենք կտրուկ փոխել՝ մեկ մատի շարժումով, փոխարենն առաջարկելով միջազգային փորձը, միանշանակ լուրջ խնդիրներ կունենանք: Կարեւոր է հաշվի առնել՝ ինչ կա, սկսել աշխատել եղած իրավիճակի բարելավման ուղղությամբ եւ գտնել հետաքրքիր «սիմբիոզ» հայկական կառավարման մոդելի ու միջազգային պրակտիկայի միջեւ», - ասել է նա:
Fast-Forward կոնֆերանսում երկու պանելային քննարկում է կայացել:
«Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը» քննարկման մասնակիցներն էին «Ամերիաբանկ»-ի անկախ տնօրեն Տիգրան Դավթյանը, «ԱյԴի Բանկ»-ի Խորհրդի անկախ անդամ Ելենա Խաչվանքյանը, «Սիլ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն, «Սիլ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ Արմինե Մելքոնյանը եւ «Ալֆա-Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը: Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը» քննարկմանը մասնակցել են PROFAL ընկերության գլխավոր տնօրեն
Էդգար Ավետիսյանը, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը,
Wilco ընկերության հաճախորդների հետ աշխատանքի գծով գլխավոր մենեջեր Դավիթ Գասպարյանը եւ «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը:
Քննարկման մանրամասները հասանելի են այս հղումով:




















