Նոր iPad Pro-ն կստանա M4 չիպ և ավելի հզոր կլինի, քան Apple-ի համակարգիչները
Apple-ի M4 պրոցեսորը կարող է հայտնվել նույնիսկ ավելի շուտ, քան ակնկալվում է. հայտնի ինսայդեր Մարկ Գուրմանի կարծիքով՝ 2024-ին թողարկվելիք iPad Pro-ն կարող է ստանալ հենց այս պրոցեսորը՝ բաց թողնելով M3 սերնդի պրոցեսորը: Սա նոր պլանշետին ոչ միայն կտա արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներ, այլև այն կդարձնի ավելի հզոր, քան Apple-ի համակարգիչները:
«Լսել եմ, թե մեծ հավանականություն կա, որ նոր iPad Pro-ի չիպը կլինի M4, ոչ թե M3: Ավելին, ես հավատում եմ, որ Apple-ն իր պլանշետը կդիրքավորի որպես իսկապես արհեստական բանականությամբ աշխատող իր առաջին սարքը, և որ այն այսուհետև յուրաքանչյուր նոր արտադրանք կգովազդի որպես արհեստական բանականության սարք: Սա, իհարկե, արվում է ի պատասխան արհեստական բանականության լայն տարածման, որը վերջին մի քանի տարիների ընթացքում գրավել է տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- գրել է ինսայդերը:
Գուրմանի խոսքով՝ պլանշետը չափազանց հզոր կլինի M4 չիպում կիրառվող նոր Neural Engine-ի շնորհիվ (հավանաբար, նոր SoC-ը կօգտագործվի բացառապես ավելի հզոր NPU միավորի համար, որն այն, հավանաբար, կունենա): Բացի դրանից՝ նոր iPad-ը կստանա OLED էկրան, իսկ տեսախցիկի տեղադիրքը կփոխվի։
Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ԱԲ ինչ գործառույթներ հասանելի կլինեն պլանշետի գործարկման ժամանակ, քանի որ ակնկալվում է, որ ԱԲ կիրառմամբ Apple-ի ծրագրաշարի մեծ մասը կներկայացվի հունիսին անցկացվելիք WWDC համաժողովի ժամանակ՝ iOS 18-ի թողարկման հետ մեկտեղ:
Ի լրումն նոր 11-դյույմանոց և 13-դյույմանոց iPad Pro-ի անոնսի, սպասվում է նաև նոր iPad Air շարքի թողարկում՝ այս անգամ ավելի մեծ էկրանով: Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
Գուրմանի խոսքով՝ iPad-ի մնացած շարքը նախատեսվում է թարմացնել 2024-ի աշնանը։ Միևնույն ժամանակ, Apple-ը, հավանաբար, կներկայացնի M4 պրոցեսորներով նոր Mac համակարգիչներ:
Comentarios